Իրանի ԱԳՆ–ն անհեթեթ ու կեղծ է անվանել Իսրայելի վարչապետ Բենջամին Նեթանյահուի պնդումները Թեհրանի մոտ «գաղտնի միջուկային ձեռնարկության» առկայության մասին, հայտնում է Tasnim–ը։

ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին հայտարարել է, որ այդպիսով Նեթանյահուն փորձել է փոխհատուցել ԱՄՆ–ի եւ Իսրայելի անհաջող արշավը Իրանի դեմ ՄԱԿ ԳԱ–ում։

Նրա խոսքով՝ Իսրայելը պետք է հասկանա, որ այդ սուտ եւ դատարկ շոուն կարող է միայն առաջացնել աշխարհի ծիծաղը։ Քասեմին հիշեցրել է, որ ԱԷՄԳ բոլոր զեկույցները մինչ այժմ հաստատել են Իրանի հանձնառությունը 2015 թվականի Իրանի միջուկային ծրագրով ստանձնած իր պարտավորություններին։

Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը նշել է, որ Իսրայելը, լինելով միջուկային զենք ունեցող միակ երկիրը Մերձավոր Արեւելքում, չի կարող այդքան լկտի մեղադրանքներ հնչեցնել Իրանի հասցեին, փոխանցում է «ԻՌՆԱ»–ն։

Նա հավելել է, որ այդ քայլով Նեթանյահուն ցանկանում է շեղել ուշադրությունն այն փաստից, իսրայելական վարչակազմը միակ մեծ սպառնալիքն է Մերձավոր Արեւելքում՝ հավի առնելով, որ նա ունի միջուկային զենք եւ այլ պետություններին սպառնում է ոչնչացմամբ։