Երեւանում ավտոկայանատեղիների կառավարման եւ քաղաքային լուսավորության ոլորտում համագործակցության հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ ավստրիական SWARCO ընկերության գլխավոր տնօրեն Ալբին Լայսմյուլերի գլխավորած պատվիրակության հանդիպման ընթացքում:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ալբին Լայսմյուլերը նշել է, որ ընկերությունը պատրաստ է առաջարկել վերոնշյալ ոլորտներում քաղաքապետարանի հետ շահագրգիռ համագործակցության փաթեթ, այդ թվում խորհրդատվական, նախագծման, ներդրման եւ կառավարման համակարգերի մասով:

Կարեն Կարապետյանն իր հերթին հյուրերին ներկայացրել է մայրաքաղաքի տրանսպորտի կառավարման նոր հայեցակարգում ներառված ծրագրերը, առանձնացնելով հատկապես ավտոկայանատեղիների կանոնակարգման, մայրաքաղաքի բանուկ հատվածներում տեսախցիկների տեղադրման եւ երթեւեկության նոր ժամային գրաֆիկների մշակման մոտեցումները: Միեւնույն ժամանակ քաղաքապետը նշել է, որ ապագայում հասարակական տրանսպորտի երթեւեկության հարցում նախապատվությունը տրվելու է ավտոբուսներին.

«Արտաքին լուսավորության արդիականացման եւ հասարակական տրանսպորտի երթեւեկության կառավարման ու անվտանգության հարցերը մայրաքաղաքում առաջնային են: Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած առաջարկ եւ նպաստել դրանց իրականացմանը»,- շեշտել է քաղաքապետը: