«Հայաստանի զինված ուժերում ոչ կանոնադրային հարաբերությունները ամենամեծ խնդիրն են, ի դեպ, այդ խնդիրը գոյություն ունի աշխարհի շատ երկրներում»,- խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ընդ որում, նա ընդգծել է, թե այդ խնդրի լուծման բանալին անցումն է արհեստավարժ բանակի:
«Սակայն Հայաստանի աշխարհաքաղաքական դրության, ստեղծված քաղաքական վիճակի պատճառով հանրապետությունը չի կարող ինքնաբուխ կերպով անցնել արհեստավարժ բանակի համակարգի, ես դեմ եմ դրան»,- նկատել է Օհանյանը` ընդգծելով, որ ներկայումս Հայաստանի զինված ուժերում լայնածավալ բարեփոխումներ են իրականացվոմ` միտված ԶՈՒ անվտանգության բարձրացմանը, կանոնադրական հարաբերությունների պահպանմանը:
Ընդ որում, նախարարը հայտարարել է, թե Հայաստանի զինված ուժերի գործունեությունը շատ թափանցիկ է, եւ դա անձնական դիրքորոշում է:
«Բոլոր միջադեպերով հետաքննություն է ընթանում, բացահայտվում եւ պատժվում են մեղավորները, այդ մասին հայտնի է դառնում հանրությանը, եւ այդպես է լինելու այսուհետ»,- հավաստիացրել է Օհանյանը:
Խոսելով բանակում տեղի ունեցած վերջին միջադեպի մասին, նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինծառայող Գեւորգ Կոտիկյանը մահացել է ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում: «Փորձաքննությունն ապացուցել է դա: Նրա մարմնի վրա եղել են բռնության հետքեր: Բոլոր երեք մեղավորներին բացահայտել են եւ նրանք պատժվելու են»,- հավաստիացրել է նախարարը:





























