Իրանի միջուկային համաձայնագրի փրկության նպատակով Եվրոպայի նախաձեռնած հատուկ ֆինանսական մեխանիզմը ուժի մեջ կմտնի մոտ ապագայում: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է ԻՌՆԱ-ն:

«Վերջին մի քանի ամիսներին եվրոպացիները մեծ ջանքեր են ներդրել, եւ համենայնդեպս 7 կենտրոնական բանկեր համաձայնել են իրանի հետ հարաբերությունների համար ստեղծել հատուկ ֆինանսական մեխանիզմներ, եւ մոտ ապագայում նրանք այն հաստատության կվերածեն»,- ասել է Զարիֆը:

Նա հիշեցրել է, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին նշել է, որ այս մեխանիզմը նախատեսված է ոչ միայն Եվրոպայի համար, այլ նաեւ մյուս երկրների ու ընկերությունների, որոնք Իրանի հետ ֆինանսական հարաբերություններ ունեն:  «Սա ֆինանսական ինստիտուտները ԱՄՆ պատժամիջոցներից պաշտպանելու արդյունավետ եղանակ է»,- կարծում է Զարիֆը՝ հավելելով, որ սա լավ միջոց է ազատվելու բանկային հատվածում ԱՄՆ պարտադրած մեխանիզմներից մեկից: