Ազգային Ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի օրենսդրական նախաձեռնությամբ խորհրդարանի նիստերի օրակարգ է մտել «Բարեգործության մասին» եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթ, որի նպատակը բարեգործությունը քաղաքականացումից զերծ պահելն է:
Պատգամավորի առաջարկություններն ուղղված են նրան, որ բարեգործությունը չքաղաքականացվի եւ չօգտագործվի կուսակցությունների ու քաղաքական ուժերի գովազդի համար։
Մասնավորապես՝ առաջարկվում են հետեւյալ փոփոխությունները.
1. Արգելել հասարակական կազմակերպություններին (այդ թվում` հայրենակցաական միություններին) նախընտրական քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել, ինչպես նաեւ արգելել բարեգործություն հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելը։
2. Արգելել կուսակցություններին անձամբ կամ նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով քաղաքացիներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ:
3. Սահմանել, որ բարեգործական կազմակերպությունը չի կարող իր միջոցները ծախսել եւ իր գույքն օգտագործել կուսակցությունների աջակցության, ինչպես նաեւ նախընտրական հիմնադրամների ֆինանսավորման եւ (կամ) այլ կերպ քաղաքական քարոզչություն իրականացնելու նպատակով, դրանով կատարելով եւս մեկ քայլ բարեգործական եւ քաղաքական գործունեության տարանջատման ուղղությամբ։
Հիշեցնենք, որ սույն օրենսդրական փաթեթը քննարկվել է նաեւ 2010-ին, սակայն անցյալ տարվա մայիսին տեղի ունեցած քննարկումների ընթացքում մեծ աժիոտաժ առաջացավ, երբ Վ. Դալլաքյանը խորհրդարանի նիստի ընթացքում մեջբերումներ կատարեց բարեգործության մասին Շիրվանզադեի ստեղծագործությունից։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները դա որակեցին որպես Գագիկ Ծառուկյանին ուղղված վիրավորանք, իսկ Վարդան Բոստանջյանը նույնիսկ հրաժարվեց Վ. Դալլաքյանի երեխայի քավորությունից։




























