Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, քիչ առաջ բավարարեց Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով ամբաստանյալ Գեւորգ Ջնդոյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը: Դատարանի որոշմամբ՝ որպես գրավի չափ սահմանվեց 1մլն դրամը, որը վճարելուց հետո միայն Ջնդոյանն ազատ կարձակվի: Նշենք, որ վերջին երեք ամիսների ընթացքում այս գործով կալանքից ազատվել են շուրջ մեկ տասնյակ ամբաստանյալներ՝ այդ թվում , պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը։
Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորքում վնասազերծվել է զինված խումբ:
Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց 20 անձի: Ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել է բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության եւ այլ հաստատությունների շենքերի վրա:




























