ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բաժնի ղեկավարի տեղակալ Բրոք Բիրմանը հորդորել է շարունակել Արցախի ականազերծումը The HALO Trust-ի միջոցով` պատասխանելով կոնգրեսական Բրեդ Շերմանի հարցին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նիստում: Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը` Facebook-ի պաշտոնական էջում։

Բիրմանը նշել է, մինչ օրս ԱՄՆ-ն $43մլն դոլար է հատկացրել Արցախին, որի շնորհիվ ականազերծման ենթակա տարածքների 97.6%-ն այժմ անվտանգ է։

Եվրոպայի հարցով Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովի ղեկավար Դանա Ռորաբախերն էլ նշել է, որ ականազերծումը լավագույն ծրագրերից է, որ ԱՄՆ-ը կարող է ֆինանսավորել:

Բիրմանը նաեւ նշել է, որ բազմիցս հանդիպել է հայկական սփյուռքի տարբեր խմբերի հետ` քննարկելու Հայաստանում և տարածաշրջանում համագործակցության ոլորտների խնդիրները: Վերջերս Բիրմանի հետ ունեցած քննարկումներից մեկի ժամանակ Հայ դատի հանձնախումբը կոչ է արել աջակցել Արցախին` ականազերծման և Ստեփանակերտում Լեդի Կոքսի վերականգնողական կենտրոնի կառուցման հարցում: