Ժյուրիի անդամներին նախագիծը ներկայացնելու համար սթարթաթերից յուրաքանչյուրին տրվում է ընդամենը 3 րոպե, բացատրելու, թե ինչու է դա կարեւոր, ինչ խնդիրներ կարող է լուծել եւ ինչպես կարող է նվաճել համաշխարհային շուկան: Ընդամենը 3 րոպեում թիմերը պետք է համոզեն փորձագետներին, որ հենց իրենց նախագիծը  պետք է հաղթի:

 Մայքրոսոֆտի նորարարական կենտրոնի կողմից կազմակերպված մրցույթին մասնակցում է 10 հայկական սթարթափ, եւ հաղթողը, ինչպես  լրագրողների հետ զրույցում նշեց կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը, հնարավորություն կունենա մասնակցելու Seedstars միջազգային մրցույթին:

Արտաշես Վարդանյանը նշեց, որ Seedstars մրցույթի երեւանյան փուլի մասին մոտ 1.5 ամիս առաջ էր հայտարարվել եւ մոտ 40 սթարթափեր մասնակցության համար հայտ էին ներկայացրել: Ժյուրին ընտրել է առավել հետաքրքիր եւ խոստումնալից նախագծերը, որոնք այսօր՝ սեպտեմբերի 29-ին, միմյանց հետ մրցակցում են աշխարհի 60 քաղաքների թիմների հետ Seedstars մրցույթին մասնկացելու հնարավորությանն արժանանալու համար: Այն այս տարի անցկացվում է Շվեյցարիայում, իսկ հաղթողը կարող է 05.-1.5 մլն դոլարի ներդրումներ ակնկալել:

Seedstars մրցույթը սթարթափերին գրավում է նաեւ այն պատճառով, որ այնտեղ սեփական նախագիծը զարգացնելու հնարավորություն ստանալու համար պարտադիր չէ հաղթելը. մի քանի օրվա ընթացքում մասնակից թիմերը հնարավորություն կունենան շփվելու պոտենցիալ ներդրողների հետ, եւ եթե նրանց ծրագիրը բավականին հետաքրքիր է, նրանք, հավանաբար, կկարողանան ներդրումներ գտնել հետագա զարգացման համար:

Բացի այդ, Seedstars-ի ընթացքում սթարթափերը հնարավորություն կունենան շփվելու ԶԼՄ-ի ներկայացուցիչների հետ, որոնց միջոցով հարյուր հազարավոր մարդիկ կիմանան իրենց ծրագրերի մասին:

Այսօր 10 սթարթափերը, որոնք պայքարում են Seedstars-ում հայտնվելու  հնարավորության համար, առաջարկում են ամենատարբեր բնագավառներում նախագծեր ` հրդեհներից եւ որսագողերից բնությանը  եւ անտառներին պահպանելուց (Forestberg)  մինչեւ դեռահաս գեյմերների համար կրաուդգիֆտինգ (Factor Fan).

SunD սթարթափից  երիտասարդներն, օրինակ, առաջարկում են հետաքրքիր հավելված, որի միջոցով  կարելի է հաշվարկել, թե որքան ժամանակ է պետք կոնկրետ օրը դրսում անցկացնել անհրաժեշտ քանակությամբ վիտամին D ստանալու համար: Այստեղ կա նաեւ հետաքրքիր «բժշկական» հավելվախ` FastMed, որը հեշտացնում է Երեւանի դեղատներում դեղերի որոնումը:

eSwap նախագիծը նախատեսված է հայտնի առցանց խանութներից, ինչպիսիք են Ամազոնը կամ Ալիէքսպրեսը, ապրանքներ գնող մարդկանց համար, իսկ InnoPark-ը՝ քաղաքում կայանման տեղ որոնելու համար:

Արտաշես Վարդանյանը նշեց, որ հաղթող սթարթափը պետք է հետաքրքրություն ներկայացնի  միջազգային շուկայում`ոչ միայն տեղականի համար: Այն պետք է լինի նախագիծ, որը կարող է ներդրումներ գրավել եւ ապագայում ֆինանսական հաջողություն ունենալ: