Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայաստանում այսօր լավագույնս կազմակերպված կառույցն է եւ մշտապես հաշվետու է ե՜ւ հասարակությանը, ե՜ւ այն անհատներին, ովքեր նպաստում են եկեղեցու առաքելության իրականացմանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը` արձագանքելով «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանի` NEWS.am-ին հայտնած դիտարկումներին: Դանիելյանն, անդրադառնալով Մայր Աթոռի գործունեությանը, նշել էր, որ այն ավտորիտար կառույցն է, եւ գործում է ոչ թափանցիկ` սկսած ֆինանսական գործունեությունից մինչեւ Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության կարգը:
«Եկեղեցու հետ շփվող, առնչվող անձանց համար եկեղեցին փակ կառույց չէ եւ երբեւէ այդպիսին չի եղել: Այն ունի դարավոր ավանդույթ եւ վարչաձեւ, որով առաջնորդվում եւ իր կյանքն է կազմակերպում: Այն ամրագրված է կանոնակարգերով եւ ընթացակարգերով, այդ թվում եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրությունը: Երբ պարոն Դանիելյանը նշում է, թե կաթողիկոսի ընտրության կարգը հստակ չէ, ապա նշեմ, որ դա դարերով ամրագրված կարգ է եւ տեղ է գտել տարբեր տեսակի փաստաթղթերում ու հրատարակություններում:Դրանց մասին, որպես ոլորտով զբաղվող մարդ, պարոն Դանիելյանը պետք է որ իրազեկ լիներ»,-նշեց Տեր Վահրամը:
Ինչ վերաբերում է կազմակերպական եւ ֆինանսական թափանցիկության խնդիրներին, ապա, նրա խոսքով, բոլոր հաշվետվությունները` այդ թվում եւ ֆինասական, քննության են առնվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ստեղծված վերստուգիչ հանձնաժողովում: «Եւ միայն դրանից հետո այդ հաշվետվությունները ներկայացվում Գերագույն հոգեւոր խորհրդին, որն էլ քննության է առնում իր տարեկան բոլոր ժողովներում, ապաեւ` հրապարակում»,-տեղեկացրեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրենը` հավելելով, թե այս ամենը լավագույնս ապացուցում է, որ «եկեղեցին բաց է եւ իբրեւ համազգային կառույց թափանցիկ է մեր հասարակության համար»։




























