Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսն «անընդունելի» է անվանել Ռուսաստանի կողմից Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի խախտումը։ Նա ասել է, որ Վաշինգթոնը եւս ստիպված կլինի ուժեղացնել իր պոտենցիալը, եթե Մոսկվայի պահվածքը չփոխվի՝ տեղեկացնում է Reuters-ը։
ԱՄՆ-ը Ռուսաստանին կասկածում է թեւավոր հրթիռների ստեղծման մեջ, ինչը նշված պայմանագրի խախտում է եւ ենթադրում է, որ Մոսկվան ցանկացած պահի կարող է հարված հասցնել Եվրոպային։ Ռուսաստանը մեղադրանքները հերքում է։
«Ռուսաստանը պետք է վերադառնա ՄՓՀՀՊ-ի կատարմանը կամ ԱՄՆ-ը ստիպված կլինի հավասարվել նրա պոտենցիալին՝ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի շահերը պաշտպանելու համար»,- ասված է Մեթիսի հայտարարության մեջ։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Բեյլի Հաթչիսոնն ասել էր, ուր Ռուսաստանը պետք է դադարեցնի արգելված թեւավոր հրթիռների ստեղծումը, այլապես Վաշինգթոնը կփորձի մինչեւ գործարկումը ոչնչացնել դրանք։
Ի պատասխան՝ ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, որ Մոսկվան Հաթչինսոնի հայտարարությունը համարում է ագրեսիվ, ոչ կառուցողական եւ վտանգավոր։




























