Գյումրեցի մոտ 200 վարորդներ այս պահին հավաքվել են հայ-վրացական սահմանի Բավրա անցակետի մոտ եւ բողոքի ցույց են անում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը:
Նա նշեց, որ բողոքի գործողությանը մասնակցում են Հայ ազգային կոնգրեսի, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները, Տիգրան Կարապետյանը:
Լեւոն Բարսեղյանն ասաց, որ բողոքի ցույցը հսկում են մոտ 60 ոստիկաններ` ինչպես ճանապարհային ոստիկանությունից, այնպես էլ մարզային վարչությունից:
Գյումրու վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդները Բավրա են ժամանել ավտոերթով: Լեւոն Բարսեղյանը նշեց, որ առավոտից ոստիկանությունը շրջափակել է ակումբի գրասենյակի հարակից փողոցները: Լեւոն Բարսեղյանն այդ կապակցությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Շիրակի ոստիկանություն, սակայն դիմումը հրաժարվել են վերցնել: Նա դիմել է նաեւ ՄԻՊ արագ արձագանքման խմբի ղեկավար Արմեն Մաշինյանին, ինչպես նաեւ Շիրակի մարզի դատախազին, հայտնելով, որ ոստիկանությունը սահմանափակում է քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը:
Ի դեպ, նմանատիպ ակցիա է սկսել նաեւ Ստեփանավանում եւ Տաշիրում:
Վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդները բողոքում են օրենսդրական նոր փոփոխությունների դեմ, որոնց համաձայն վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաները Հայաստանում քաղաքացին կարող է վարել միանվագ մուտքով առավելագույնը 15-օրյա ժամկետով: Ըստ վարորդների իրենց ստիպում են մաքսազերծել մեքենաները խայտառակ բարձր մաքսատուրքերով, իսկ իրենք ի վիճակի չեն վճարել այդ գումարները:




























