Ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտի իրավիճակն այսօրվա դրությամբ բավական բարենպաստ է, թեեւ պետությունը գործնականում ոչինչ չի արել այս ոլորտի զարգացման համար, այն զարգացել է ստեղծագործական մտածություն ունեցող մարդկանց նախաձեռնությունների շնորհիվ։ Այսպիսի կարծիք լրագրողների հետ հանդիպմանն արտահայտեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

Նախարարը ոլորտի այժմյան իրավիճակը համեմատեց մարգագետնի հետ․ «Մենք մարգագետին ունենք, որտեղ խոտ է աճում՝ արմատական լավ համակարգով»։

«Բայց մեզ, որպես երկրի, անտառ է պետք»,- ասաց նա,- «Սակայն մարգագետնից անտառին անցումը չի կարող ուղիղ լինել, այն պետք է լինի հեղափոխական։Մենք ուզում ենք հայկական սթարթափների եւ ինժեներական ընկերությունների համար ստեղծել այնպիսի էկոհամակարգ, որ մարգագետնի տեղում անտառ աճի»։

Նախարարի խոսքերով՝ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը պետք է բարձրանա այնպիսի մակարդակի, որ որոշ հայկական ընկերություններ դառնան առաջատար աշխարհի մի շարք ոլորտներում։ Եվ դա, նրա կարծիքով, լիովին հասանելի նպատակ է։

Այսօր, հոկտեմբերի 5-ին Հակոբ Արշակյանն այցելեց Երեւանում անցկացվող DigiTec Expo 2018-ին։

Նրա խոսքերով՝ այդ ցուցահանդեսի դերը դժվար է գերագնահատել, քանի որ այն միավորում է բիզնեսը, գիտությունն ու պատանիներին, ովքեր պետք է մասնագիտություն ընտրեն։

«Մենք Հայաստանում թաքնված գանձեր ունենք, որոնք դեռ պետք է հայտնաբերենք։ Շատ կարեւոր է, որ ե՛ւ պետական պաշտոնյաները, ե՛ւ քաղաքացիները իմանան, թե ինչ լուրջ խնդիրներ կարող է լուծել հայի ստեղծագործ միտքը»,- նշեց նախարարը։