Իրանը կարող է զրկվել իր մշակված հողերի 70 տոկոսից, եթե կլիմայական մարտահրավերներին ուղղված շտապ միջոցառումներ չձեռնարկվեն, հայտարարել է Իրանի փոխնախագահ եւ Շրջակա միջավայրի դեպարտամենտի ղեկավար Իսա Քալանթարին, փոխանցում է Tasnim գործակալությունը:

«Ներկայումս մենք օգտագործում ենք մեր վերականգնվող ջրային պաշարների մոտ 100 տոկոսը… ըստ համաշխարհային նորմերի՝ այս ցուցանիշը չպետք է գերազանցի 40 տոկոսը»,- AFP-ի հետ հարցազրույցում նշել է Քալանթարին:

«Ջրի, հատկապես ստորգետնյա ջրերի չափից ավելի օգտագործումը սպառնալիք է եւ կարող է ունենալ սոցիալական սարսափելի հետեւանքներ»,- նախազգուշացրել է նա:

Քալանթարիի խոսքով՝ եթե իրավիճակը վերահսկողության տակ չվերցվի, «մենք կկորցնենք մեր մշակված հողերի 70 տոկոսը եւ առավելագույնը՝ 20-ից մինչեւ 30 տարում»:

«Եթե մենք արագ քայլեր չձեռնարկենք, Էլբուրսի հարավը եւ Զագրոսի արեւելքը գյուղատնտեսության համար ոչ պիտանի կդառնան»,- նշել է նա:

Էլբուրսը եւ Զագրոսը լեռնաշղթաներ են, որոնք գտնվում են Իրանի հյուսիսում եւ արեւմուտքում:

Իրանի անպտուղ հողերի մեծ մասը, ինչպես նաեւ տարածքները, որտեղ բնակչությունն առավել կենտրոնացած է, գտնվում են հարավում եւ արեւելքում:

UN կազմակերպության տվյալների համաձայն, որը համակարգում է երկրում սնունդի եւ գյուղատնտեսության հարցերը, շուրջ 80 մլն բնակչություն ունեցող Իրանը հիմնականում կախված է գյուղատնտեսությունից: