Վրաստանում թմրանյութի նոր տեսակ է հայտնվել։ Ինչպես վրացական «Ինտերպրեսնյուզ» լրատվական գործակալությանը հայտնել են «Նոր ուղի» խորհրդատվական կենտրոնի ներկայացուցիչները, Վրաստանում վերջին ժամանակաշրջանում նոր թմրամիջոց է հայտնվել, որը պատրաստվում է դեղատներում ազատ վաճառվող հաբերի միջոցով։
Ըստ վրացական փորձագիտական կենտրոնի, թմրանյութի պատրաստման ժամանակ օգտագործում են նաեւ թունավոր «կրոտ» -ի խառնուրդը, ինչը առօրյայում օգտագործում են կոյուղու մաքրման համար։ Ըստ փորձագիտական կենտրոնի, հեշտ է պատկերացնել թե նման խառնուրդով «կոկտեյլը» ինչպիսի ազդեցություն կթողնի մարդու վրա։
Նոր թմրանյութը ավելի հաճախ է պահանջում դոզա ընդունել, իսկ չարաշահման դեպքում՝ մահը վրա է հասնում միանգամից։
Հաճախ, նման թմրանյութ օգտագործողները վատ զգալու դեպքում երբեք չեն դիմում բժշկական օգնության, քանի որ այդ պարագայում պետք է տեղեկացվի նաեւ ոստիկանությանը։ Նման հիվանդների միակ փրկությունը «Նալոքսոն» դեղամիջոցն է, որը Վրաստանի դեղատներում համարյա չկա եւ ոչ ոք անգամ չի էլ մտածում այդ դեղամիջոցների ձեռքբերման մասին։
Նոր թմրանյութը Վրաստանում արդեն բավականին տարածում է գտել, հատկապես երիտասարդների եւ կանանց շրջանում, ինչը շուտով կհանգեցնի սոցիալական քաոսի։




























