2010 թ. ընթացքում պաշտոնին չհամապատասխանելու պատճառով հարկային եւ մաքսային համակարգերից ազատվել է շուրջ 500 աշխատակից։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 10-ին լրագրողներին տեղեկացրեց Պետեկամուտների կոմիտեի հետաքննության վարչության պետ Գեւորգ Ներսիսյանը։ Ծառայողական քննության արդյունքներով՝ 100-ից ավելի աշխատակիցներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության։
ՊԵԿ պետի տեղակալ Տիգրան Բալասանյանն ասաց, որ իրենց գերատեսչությունը հակակոռուպցիոն պայքարի տեսանկյունից ավելի արդյունավետ է գործում, քան մյուսները։ Եթե այլ գերատեսչություններ հակակոռուպցիոն միջոցառումների շրջանակներում կարողանում են տարեկան 50-60 մլն դրամի գործեր հետաքննել, ապա ՊԵԿ-ը՝ 560 մլն դրամի։
Նշենք, որ որպես կոռուպցիոն հանցագործության տեսակ ՊԵԿ-ը դիտարկում է նաեւ հարկերից չարամտորեն խուսափելը։
NEWS.am-ի այն դիտարկմանը, թե արդյոք ՊԵԿ աշխատակիցների սեփականություն հանդիսացող թանկարժեք մեքենաները բավարար հիմք չե՞ն նրանց նկատմամբ ծառայողական քննություն կամ հետաքննություն սկսելու համար, Տ. Բալասանյանն ասաց, որ անձի ունեցած կարողությունը բավարար հիմք չէ նրա նկատմամբ հետաքննություն սկսելու համար։




























