Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի առաքելությունը կայանում է միջազգային շուկայում միտումների վերլուծության եւ Հայաստանի իրավիճակի հետ համեմատելու մեջ: Այս մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է կառույցի ղեկավար Արտակ Շաբոյանը:
Նրա խոսքով, այն, ինչ կարող է անել հանձնաժողովը, առկա իրավիճակը հայկական շուկայում արձանագրելն եւ համեմատելն է, արդյոք դրանք համապատասխանո՞ւմ են միջազգային շուկայի միտումներին:
Նա նշել է, որ հանձնաժողովը չի կարող ազդել շուկայական գների վրա: «Մենք կարող ենք միջամտել, երբ կա մրցակցության կանոնների ուղիղ խախտում, երբ խոշոր տնտեսվարողները արհեստականորեն փոխում են գները շուկայում»,- նկատել է Շաբոյանը:
Պատասխանելով բենզինի գների աճի մասին հարցին, Շաբոյանն ասել է, թե 2010-ին այդ շուկայում ուսումնասիրություններ չեն արվել: «Մենք հետազոտում ենք միայն խնդրահարույց շուկաները», ասել է նա` միաժամանակ դժգոհելով օրենսդրությունից, որը լայն հնարավորություններ չի ընձեռում հանձնաժողովին:




























