Հարավային Կովկասում չլուծված հակամարտությունները շարունակում են հիմնական սպառնալիք մնալ տարածաշրջանի կայունության համար: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին հինգշաբթի օրը Վիեննայում ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում ունեցած իր ելույթում:

Սեմնեբիի խոսքով, «առանձնապես մտահոգիչ է անվտանգության հետ կապված իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»:

Սեմնեբին կոչ է արել ամրապնդել պայմանավորվածությունները հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ եւ կոչ է արել ԵՄ-ին ու մյուս կազմակերպություններին ակտիվացնել փոխգործակցությունը Վրաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում: «Եվրամիության ներգրավվածությունը Հարավային Կովկասում պետք է շարունակի լինել տեսանելի, ուժեղ եւ հետեւողական»,- ասել է նա:

Ըստ Սեմնեբիի, հակամարտությունների կանխումն ու դրանց հետեւանքների մեղմումը պահանջում են մարդկային մոտեցումներ` ի լրումն քաղաքական մասնակցության եւ պաշտոնական բանակցությունների:

«Հակամարտությունների կանխարգելումը մնում է պարտադիր առաջնայնություն` առկա ձգձգվող հակամարտությունների կարգավորմանը զուգընթաց»,- ասել է Սեմնեբին: