Հանրապետության ներտնային գազասպառման համակարգում անվտանգության գազազգայուն սարքավորումների տեղադրման շնորհիվ նվազեցվում է բնակելի շենքերում եւ գազասպառող այլ օբյեկտներում տեխնածին աղետների քանակը: Այդ մասին տեղեկացնում է «Հայռուսգազարդի» պաշտոնական կայքէջը։ Մասնավորապես, 2010թ. ընթացքում «Հայռուսգազարդ» ՓԲԸ 1-04 վթարա-կարգավորական ծառայությունները արձագանքել են 37 774 կանչի, որից 6984 կանչը վերաբերել է անվտանգության սարքերի գործարկմանը, որով էլ կանխվել է այդքան պոտենցիալ թունավորման կամ պայթյունի դեպքեր:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ-գլխավոր ճարտարագետ Հ.Թադեւոսյանի կարծիքով, «այս թիվը պետք է անհամեմատ մեծ լինի, քանի որ ոչ բոլոր դեպքերում են բնակիչներն ահազանգում 1-04 ծառայություն»:

Հիշեցնենք, Հայաստանն առաջինն է ԱՊՀ երկրների ցանկում, որտեղ գազասարքերից օգտվելիս մարդկային սուբյեկտիվ գործոնը հնարավորինս նվազեցնելու, տեխնածին աղետները կանխելու նպատակով իրականացվում է անվտանգության համակարգերի զանգվածային տեղադրում: