Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր՝ փետրվարի 10-ին Արարատի եւ Կոտայքի մարզպետարաններում խորհրդակցություն է անցկացրել` կապված անապահովության գնահատման համակարգում ընդգրկվելու նպատակով ընտանիքների փաստագրման գործընթացի հետ:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են նաեւ մարզպետները, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ա. Ասատրյանը, ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Ն. Մուրադխանյանը, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայանը, նշված մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

Փոխվարչապետին ներկայացվել է փաստագրման ընթացքում ի հայտ եկող խնդիրները, որոնք հիմնականում կապված են քաղաքացիների հաշվառման վայրի ճշգրտման, ընտանիքների կազմի վերաբերյալ տեղեկանքի տրամադրման հետ: Քննարկվեցին դրանք համատեղ լուծելու մեխանիզմները: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, սոցիալական ծառայությունների տարածքային կառույցների առջեւ խնդիր է դրվել այլ շահագրգիռ մարմինների հետ համատեղ իրազեկման աշխատանքներ իրականացել, որպեսզի շահառուները պահանջեն համակարգում ընդգրկվելու համար անհրաժեշտ տեղեկանքի ձեւը:  

Փոխվարչապետը պատասխանատուներին հորդորել է աչալրջորեն հետեւել գործընթացին, եւ աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի սահմանված ժամկետներում ավարտվի բոլոր հնարավոր շահառու ընտանիքների փաստագրումը: