Ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործողությունների արդյունքում մի քանի ժամ առաջ սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Տիգրան Մեծի 54 շենքի բնակիչ, «Գիվի» մականվամբ, նախկինում 10 անգամ դատապարտված 51-ամյա Գեւորգ Սեյրանի Միրաքյանը:
Ինչպես NEWS.am-ին Վանաձորից հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ Վանաձորի բաժնի աշխատակիցները Լոռու մարզի քննչական բաժնի քննիչների հետ դեպքի վայրում փորձարարական աշխատանքներ են կատարում: Մասնավորապես, Միրաքյանը քննչական խմբին մատնացույց է անում այն վայրը, որտեղ գցել է սպանվածի դին: Սպանվածը նախկինում 11 անգամ դատապարտված, Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցի 1-ին շենքի 1 բնակարանի բնակիչ, «Մշկո» մականվամբ 70-ամյա Միշա Կիրակոսյանն է:
Օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ գիշերը Տիգրան Մեծ փողոցի բնակարանում երկուսը միասին կերուխում են արել եւ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Գիվին սպանվածի ձեռնափայտով մի քանի անգամ հարվածել է Կիրակոսյանի գլխին եւ մարմնի տարբեր մասերին: Այնուհետեւ, երբ տեսել է, որ նա մահացել է, դիակը դուրս է հանել բնակարանից եւ թողել բակում:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանություն, ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը):
Դեպքի վայրում է Լոռու մարզային վարչության պետ, գնդապետ Անուբախ Համբարյանը, Վանաձորի բաժնի պետ Սերգո Ավետիսյանը, Լոռու քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանը, փորձագետն ու քննչական խումբը: Սպանություն կատարողը ձերբակալվել է եւ դեպքի վայրի փորձարարական աշխատանքներից հետո տեղափոխվելու է Վանաձորի ձերբակալվածների պահման վայր (ՁՊՎ):





Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի



























