Դուշանբեում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը նպաստեց ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը: Մինսկում այս մասին լրագրողներին ասել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւը, հաղորդում է Sputnik Belarus-ը:
«Բոլորը նշել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատվիրակությունների ղեկավարների միջեւ շփումների մասին: Ես ինքս ականատես էի, ինչպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ մոտեցան իրար եւ քննարկում էին ղարաբաղյան հակամարտության կարգավորումը», — ասել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւը:
Ինչից հետո նա արձանագրել է, որ արդյունքն ակնհայտ է եւ տարածաշրջանում լարվածությունը նվազել է:
«Երկու երկրների իրավասու մարմիններին հրահանգներ են տրվել լարվածությունը նվազեցնելու համար: Հուսով ենք, որ երկու երկրների ղեկավարների միջեւ առաջին բովանդակալից շփումը կշարունակվի եւ դրական արդյունք կտա հակամարտության լուծման համար», - ասել է Լեբեդեւը:
Նրա խոսքով, Տաջիկստանի մայրաքաղաքում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ձեւաչափը նպաստեց Լեռնային Ղարաբաղում լարվածության նվազեցմանը: Դուշանբեում կայացած Համագործակցության գագաթաժողովում բոլոր ղեկավարները ողջունեցին Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ շփումները:
«Դրանք դրական քայլեր են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը լուծելու հարցում», - եզրափակել է նա:




























