Ինտերնետի հիմնադիրներից Լուի Պուզանն իր ողջ ժամանակը, չհաշված քնելը եւ ուտելը, համացանցում է անցկացնում։ Նա, ինչպես եւ ժամանակակից մարդկանց մեծ մասը, արդեն դժվար է պատկերացնում կյանքն առանց համացանցի։

Ցանցի ստեղծման առաջին քայլերն արվել են դեռեւս 55 տարի առաջ։ Այս մասին Պուզանը հիշել է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։ Սակայն այսօր դրա գոյության փաստը նա համարում է երջանիկ զուգադիպություն։

Պուզանի խոսքերով՝ մարդկանց մոտ հաճախ են հետաքրքիր գաղափարներ ծնվում, սակայն ինդուստրիան դրանք չի ընդունում։ Այդպիսի մարդկանցից ոմանք, չնայած ամեն ինչին, իրենց գաղափարներն առաջ են տանում, եւ ժամանակը ցույց է տալիս, որ նրանք ճիշտ էին՝ այդ գաղափարներն աշխարհին շատ բան են տալիս։

Ոմանք, զրկված լինելով աջակցությունից, թողնում են իրենց, հնարավոր է, շատ լավ եւ հեռանկարային ծրագրերը։ Համացանցի բախտը, կարելի է ասել, բերել է՝ նրա մշակումը կիսատ չեն թողել, թեեւ հասարակությունն ի սկզբանե պատրաստ չէր նրան ընդունել։

«Ինտերնետը, թվում է, չպետք է լիներ, որովհետեւ այն ժամանակ, տարիներ առաջ ոչ ոք չէր մտածում, որ դա խելամիտ է՝ աշխարհի բոլոր համակարգիչներն ընդհանուր ցանցում միացնելը, նրանց միմյանց հետ համագործակցելու հնարավորություն տալը։ Երբ մենք նոր էինք սկսել համացանցի ստեղծման համար ուսումնասիրությունները, IBM-ն ասում էր, թե համակարգիչներն իրար հետ միացնելն ընդհանրապես հետաքրքիր չէ։ Եթե մենք լսեինք, այսօր Ինտերնետը չէր լինի»,- պատմում է Պուզանը։

Նշենք, որ Լուի Պուզանը Հայաստան է եկել մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին, ինչպես նաեւ դրա շրջանակներում հոկտեմբերի 10-ին անցկացված տնտեսական համաժողովին։

Հոկտեմբերի 9-ին Պուզանն այցելել էր DigiTec Expo 2018 ցուցահանդեսին, որից շատ տպավորված էր, եւ ասաց, որ իր կարծիքով՝ Հայաստանում բավականին ինքնատիպ ընկերություններ եւ նախագծեր կան, որոնք հետաքրքրություն են ներկայացնում ամբողջ աշխարհի համար, իսկ Հայաստանի ստեղծագործողները հարուստ երեւակայության տեր մարդիկ են ու իրենց ճիշտ մատուցելու ունակություն ունեն։