Տեառնընդառաջի պատարագը մատուցվում է փետրվարի 14-ին, իսկ տոնի բուն խորհուրդն սկսվում է տոնի նախորդ օրը, երեկոյից: Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին մամուլի ասուլիսում հայտարարեց «Քրիստոնեական դաստիարակության» կենտրոնի տնօրեն Վարդան աբեղա Նավասարդյանը: Նրա խոսքով, երեկոյան ժամերգությունից հետո, եկեղեցականները երգում են «Լույս զվարթ սուրբ փառաց» հոգեւոր երգը, որի ժամանակ եկեղեցում մոմերը են վառվում, օրհնվում են եւ բաշխվում` ժողովրդին, որպեսզի տիրոջ սիրո, սուրբ հոգու ջերմությունը ժողովուրդը տանի իր  օջախ եւ օրհնվի Աստծո օրհնությամբ:

«Եկեղեցական արարողությունից եւ շարականները կատարելուց հետո եկեղեցու բակում կրակ է վառվում, որը հանդիսանում է Աստծո սուրբ հոգու կիզիչ զորության խորհրդանիշը»,-նշել է Վարդան աբեղա Նավասարդյանն ու ավելացրել, որ այդ օրը կատարվում է նաեւ անդաստան, որը գարնան շեմ մտնելու աղոթքի առաջին օրհնությունն է:

Աբեղայի խոսքով փետրվարի 14-ը նախկինում համարվում էր նաեւ մեծ ուխտագնացությունների, պատարագների եւ ժամերգությունների տոն: