«Տեառնընդառաջ»-ի խարույկը իր հետ բերում է օդի բարեխառնություն, ավարտվում է ձմռան քառասունքը, իսկ չար ուժերը վերջնականապես այրվում ու ոչնչանում են: Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ազգագրագետ Գոհար Ստեփանյանը, ընդգծելով, որ «Տեառնընդառաջ»-ի տոնը վերջին տարիներին նոր վերածնունդ է ապրում շնորհիվ եկեղեցու եւ  ժողովրդի ինքնաբուխ ստեղծագործության:

Նրա խոսքով, «Տեառնընդառաջ»-ի տոնը համայնքային բնույթ ունի, սակայն գերազանցապես այն  վերաբերում է նորապսակներին:

«Յուրաքանչյուր համայնք կամ ընտանիք, որտեղ նորապսակ կա, խարույկ են վառում եւ պտտվելով նրա շուրջը, հեռացնում են իրենցից բոլոր չարիքները,  օրհնում են նորապսակներին, որպեսզի բարեկեցիկ կյանք եւ պտղաբերություն լինի, իսկ գյուղերում, խարույկը բերում է նաեւ արգասաբերություն»,-ասում է Գոհար Ստեփանյանը, ավելացնելով, որ հին ժամանակներում, հավատում էին, որ խարույկը բուժում է նաեւ հիվանդությունները:

«Տեառնընդառաջ»-ի տոնը հետխորհրդային շրջանի ժամանակ էական փոփոխություններ է ունեցել, կենտրոնանալով այն ընտանիքներում, որտեղ հիմնականում նորապսակներ կան: Իսկ տոնի ժամանակակից դրսեւորումներից մեկը այսօր տարոսիկների ի հայտ գալն է: