Իսրայելում այլ պետությունների քաղաքացիների համար ոչ պակաս վտանգներ կան: Վրացական «Մեդիանյուզ» լրատվական գործակալության հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Դարչիաշվիլին, անդրադառնալով այն փաստին, որ ահաբեկչության դեմ պայքարող իսրայելական պետական բյուրոն 9 պետությունների թվում նաեւ Վրաստանին է ընդգրկել իսրայելցիների համար վտանգ է ներկայացնող երկրների ցուցակում:
Վրացի պատգամավորի խոսքով, ինքը անձամբ, կոնկրետ հայտարարություն չի լսել այդ թեմայի վերաբերյալ, սակայն համարում է, որ դիվանագիտական շրջանները իրենց քաղաքացիների զգուշության համար նման հայտարարություններ հաճախ են տարածում:
«Նրանք, մասնավորապես մատնանշում են, թե որ երկրներում իրենց նկատմամբ ինչպիսի ռիսկեր են սպասվում, ո՞ր տարածաշրջաններն են վտանգավոր եւ այլն»,-ասել է վրացի քաղաքական գործիչը: Նրա խոսքով, այս միջոցն ամբողջ աշխարհով տարածված պրակտիկա է, սակայն այն, որ Իսրայելում ոչ պակաս վտանգներ կան այլ պետությունների քաղաքացիների համար, հաստատ է:
Հիշեցնենք, որ Ահաբեկչության դեմ պայքարող իսրայելական պետական բյուրոն հրապարակել է այն պետությունների ցանկը, որտեղ մեծ է հավանականությունը, որ մոտ օրերս տեղացիների կողմից հարձակումներ կլինեն իսրայելցիների դեմ:
Վտանգավոր պետությունների ցուցակում Հայաստանի կողքին հայտնվել է նաեւ Վրաստանը:





























