Հայաստանի արտարժութային շուկայում պահպանվում է դոլարի նկատմամաբ բարձր պահանջարկը։ Այս շաբաթ՝ փետրվարի 7-11 ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 62 մլն դոլար, վաճառվել՝ 65,5 մլն դոլար։ Առեւտրի այս ծավալները զիջում են նախորդ շաբաթվա տվյալներին, ինչը կարող է նաեւ տնտեսական գործունեության պասիվացման վկայություն դիտարկել:

Նշենք, որ առաջարկի համեմատ դոլարի նկատմամբ պահանջարկի ավելի բարձր մակարդակը դրամի արժեզրկման ուղղությամբ ճնշումներ է ստեղծում։ Սակայն բորսայական գործարքների շնորհիվ դոլարի փոխարժեքը դուրս չի գալիս 360-370 միջակայքից արդեն բավական երկար ժամանակ։

Նշենք, որ «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այս շաբաթ իրականացվել է 7 մլն դոլարի առուվաճառք։ Սա արտարժույթի շուկայում գործարքների մոտ 10 տոկոսն է։ Այս առումով Հայաստանում փոխարժեքի ձեւավորման տրամաբանությունը էապես տարբերվում է եվրոյի կամ դոլարի փոխարժեքների ձեւավորման տրամաբանությունից; Այդ փոխարժեքները նույնպես ձեւավորվում են բորսաներում՝ անկանխիկ գործարքների շնորհիվ, սակայն ի տարբերություն Հայաստանի՝ Եվրոպայում կամ ԱՄՆ-ում բորսայի միրջոցով իրականացվում է արտարժությային շրջանառության մեծ մասը։

Այն, որ Երեւանում բորսան հանդիսանում է փոխարժեքի վրա ազդող հիմնական ազդակը, հավանաբար բացատրվում է բանկերի վարքագծով։ Բանկերի համար պարզապես հեշտ է փոխարժեքային քաղաքականություն վարել՝ հետեւելով բորսայի միտումներին։