Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հասարակության հետ կապերի վարչության պետ, գեներալ Մեթին Գյուրաքը հերքել է մամուլում հայտնված այն լուրերը, թե Թուրքիան ԱՄՆ-ից կգնի 7.8 միլիարդ դոլարի Patriot հրթիռներ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Patronlardunyasi կայքէջը։

Գյուրաքը նշել է, որ դեռեւս 2006 թվականին որոշում է կայացվել գնել հրթիռային համակարգեր եւ դրա հետ կապված իրենք վաճառքի առաջարկներ են ստացել։ ԱՄՆ-ից, Չինաստանից եւ Ռուսաստանից եղել են առաջարկներ։ «Ամերիկյան ընկերությունը ստիպված է ստանալ կոնգրեսի թույլտվությունը։ Հրթիռների քանակը գաղտնի չէ։ Մեր հարեւան երկրներից Հունաստանում նույնպես կա նմատիպ համակարգ։ Հրթիռների գնման քանակը դեռեւս հստակ չէ, սակայն այն կլինի 1 միլիարդ դոլարի սահմաններում, այսինքն՝ չորս հրթիռային համակարգ։ Այդ գումարը վճարվելու է վեց տարվա ընթացքում»,- հայտնել է Մեթին Գյուրաքը։

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հասարակության հետ կապերի վարչության պետը հայտարարել է, որ գնվելիք հրթիռային համակարգերը Իրանի դեմ չեն եւ ոչ էլ կոնկրետ երկրի դեմ, այլ ցանկացած ուղղությունից եկող վտանգների դեմ կլինեն։