Եգիպտոսի զինված ուժերի բարձրագույն խորհուրդը, որին երկրի արդեն նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը այսօր՝ փետրվարի 11-ին հանձնել է իշխանությունը եւ հրաժարական տվել, մոտակա ժամերին հանդես կգա հայտարարությամբ, նշելով, թե ինչպես է կառավարելու երկիրը այս ընթացքում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով եգիպտական հեռուստատեսությունը:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը վերջապես հրաժարական տվեց: Երկրի փոխնախագահ Օմար Սուլեյմանը երկիրը ղեկավարելու համար նշանակել է զինվորական խորհուրդ: Այս մասին հաղորդում է Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը:

Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Մուբարաքն ընտանիքով լքել է Կահիրեն եւ մեկնել Շարմ էլ-Շեյխի նախագահական նստավայր:

Հոսնի Մուբարաքը, ով ղեկավարել է երկիրը 30 տարի, ի հիասթափություն շատ-շատերի, նախօրեին իր հեռուստաուղերձում հրաժարվել է լքել նախագահի պաշտոնը եւ համաձայնել է ընդամենն իր լիազորությունների մի մասը փոխանցել փոխնախագահ Օմար Սուլեյմանին:

Կահիրեի փողոցներում եւ Եգիպտոսի այլ քաղաքներում մի քանի միլիոն մարդ է հավաքվել, որոնք շարունակել են պահանջել Մուբարաքի հրաժարականը: Դեռեւս հունվարի 25-ին սկիզբ առած զանգվածային հուզումների հետեւանքով Եգիպտոսում զոհվել է շուրջ 300 մարդ: