Այս պահին Աբովյան քաղաքի ոստիկանության  Կոտայքի քննչական բաժանմունքում մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ են հավաքվել՝ ոստիկանության շենքում տեղի ունեցած սպանության չհաջողված փորձի հետ կապված:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 11-ին ժամը 12:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժանմունքի 4-րդ հարկում ավագ քննիչ Մանուկ Կիրակոսյանի թիվ 406 աշխատասենյակում, Աբովյանի 3-րդ միկրոշրջանի 28 շենքի 30  բնակարանի բնակիչ Վլադիկ Խաչատրյանը փորձել է դիտարվորյալ ապօրինաբար կյանքից զրկել քաղաքացի Սերգեյ Թադեւոսյանին:

Քննիչի աշխատասենյակ Վլադիկ Խաչատրյանն իր հետ թաքուն դանակ է անցկացրել եւ երբ քննիչի աշխատասենյակ են բերել Սերգեյ Թադեւոսյանին, նա փորձել է հարվածներ հասցնել նրան: Բարեբախտաբար, նրա հարձակումը կարողացել են կանխել աշխատասենյակում գտնվող ավագ քննիչ Մանուկ Կիրակոսյանն ու նույն բաժանմունքի քննիչ Լեւոն Գրիգորյանը: Քննիչներին օգնության են հասել Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները եւ հաջողվել է կրքերը հանդարտեցնել: Սակայն մի քանի րոպե անց Վլ. Խաչատրյանը նորից հարձակվել է Ս. Թադեւոսյանի վրա, բռունցքներով հարվածել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Փաստի առթիվ, Կոտայքի մարզի քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանի հանձնարարությամբ անմիջապես հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձ):

Նախաքննությունը կատարում է Կոտայքի մարզի քննչական բաժնի հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչը: Այս  պահին Վլադիկ Խաչատրյանը ձերբակալվել եւ տեղափոխվել Կոտայքի մարզի ձերբակալվածների պահման վայր: Իսկ Ս. Թադեւոսյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: