«Գարեգին Բ կաթողիկոսը փետրվարի 9-ին ընդունել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին եւ ընդգծել գյուղացիների հոգսի թեթեւացման անհրաժեշտությունը, որպեսզի գյուղական վայրերի բնակիչները կապված մնան հայրենի հողին, չլքեն իրենց օջախները՝ արտագնա աշխատանք փնտրելով օտար երկրներում։ Գարեգին Բ-ն ու նախարարը քննարկել են նաեւ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի ու նախարարության միջեւ համագործակցության ուղիները։ Կաթողիկոսը Մայր Աթոռի կողմից ներկայացուցիչ է նշանակել՝ համագործակցությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար….
Միգուցե դժվար է հասկանալ՝ հատկապես ի՞նչ պետք է անի կաթողիկոսի ներկայացուցիչը հանդերում, արտերում։ Գուցե նպաստելու է հարմար գնով գյուղմթերքները վաճառելուն։ Կամ լուրջ պայքար է տանելու այն առնետների բազմացման դեմ, որոնք այլեւս չեն ենթարկվում եղած թույների ազդեցությանն ու հեկտարներով բերք են ոչնչացնում։
Կաթողիկոսի մտահոգությունից ակնհայտ է, որ վերջինս համամիտ չէ վարչապետի այն համոզմանը, թե արտագնա աշխատանքը մեր դարի մարդուն բնորոշ մոբիլության դրսեւորում է, ու սարսափելի ոչինչ չկա պարտադրված տեղահանության մեջ, երբ մարդիկ աշխարհ են տեսնում ու նոր բաներ սովորում։
Ու եթե կաթողիկոսը մտահոգ է գյուղացիների արտագնա աշխատանքով, եւ այս փորձը հաջողություն ունենա, գուցե հաջորդ քայլով Արտակ սրբազանին գործուղեն ձեռներեցության բնագավառ, որովհետեւ 2010թ. հունվարի 1-ի տվյալներով, Վրաստանում գրանցվել է Հայաստանի 100 տնտեսվարող սուբյեկտ։
Նախարարության կոլեգիայի մեջ ներգրավված Արտակ սրբազանը ինչով է նպաստելու ագրարային խնդիրների լուծմանը՝ աղոտ է ուրվագծվում։
Գյուղատնտեսական, ինչպես նաեւ մյուս ոլորտների խնդիրները, առաջին հերթին, պահանջում են դրամական ներդրում։ Կարո՞ղ է արդյոք սրբազանը ցածր գներով պարարտանյութ մատակարարել գյուղացուն կամ լավորակ սերմացուի տեղ անել։ Եթե ոչ՝ մնում է Արտակ սրբազանի աղթքները, որ հուսանք, կփրկի գյուղացուն հուսահատությունից ու հայրենական դաշտերը գարնանային կարկուտներից»,-կարդում ենք «Երկիր» թերթում։




























