Ռուսաստանի քաղաքացու,  թուրք-մեսխեթների «Վաթան» միջազգային միության նախագահ Սուլեյման Բարբակաձեի նկատմամբ Վրաստանում վրացական դատարանի կայացրած որոշումն ապացուցում է, որ Թբիլիսիում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրներ կան: Այս մասին նշվում է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչի մեկնաբանության մեջ:

Բարբակաձեին մեղադրել են խաբեբայության եւ փաստաթղթերի կեղծման մեջ:

Վրաստանի դատարանը նրան այս շաբաթ դատապարտել է 11 տարվա ազատազրկման:

«Հիվանդ եւ տարեց մարդու նկատմամբ կայացրած ցուցադրական խիստ դատավճիռը   կասկած չի թողնում, որ այստեղ անմիջական դատական բռնաճշումներ են գործադրվում թուրք-մեսխեթների իրավունքների պաշտպանի նկատմամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի արտգործնախարարության կարծիքով, Բարբակաձեի գործը  պատվիրված քաղաքական բնույթ ունի եւ կապված է նրա` թուրք-մեսխեթների վերաբնակեցմանն ուղղված գործունեության հետ: