Կահիրեի Թահրիր հրապարակում այս պահին իսկական տոնակատարություն  է, մարդիկ խրախճանք են կազմակերպել եւ միմյանց շնորհավորում են Հոսնի Մուբարաքի պաշտոնանկության կապակցությամբ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին Եգիպտոսից հայտնեց կայքի ընթերցող, Կահիրեի ամերիկյան համալսարանի դասախոս, մասնագիտությամբ արվեստաբան Անժելա Հարությունյանը:

Նրա խոսքով ամենուր ուրախ երաժշտություն եւ տոնական տրամադրություն է։ «Մարդիկ շարունակում են մնալ հրապարակում, նրանք իրենց հաղթանակն են տոնում։ Այստեղ նույնիսկ կամավորներ կան, որոնք բահերով եւ դույլերով աղբ են հավաքում»,- պատմեց մեր ընթերցողը՝ միաժամանակ ավելացնելով, որ շատ մարդիկ հրապարակի կենտրոնից սկսել են հավաքել իրենց վրանները։

Հարցին, թե հավաստի են արտասահմանյան մի շարք լրատվամիջոցների հրապարակումները, որոնց համաձայն ցուցարարները պահանջում են պաշտոնաթող նախագահին դատարանի առջեւ կանգնեցնել, Անժելա Հարությունյանն ասաց. «Այդ պահանջը կար դեռ ամենասկզբից, սակայն նման կոչեր, գոնե այս պահին, չեն հնչում»։

Նշենք, որ նախօրեին Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը պաշտոնաթող էր եղել, իշխանությունն անցել էր զինվորական խորհրդին, որը ղեկավարում է պաշտպանության նախարար Մոհամեդ Թանթաուին։