Ղարաբաղյան հակամարտությունն այն սակավաթիվ հարցերից մեկն է, որով Վաշինգթոնի եւ Մոսկվայի դիրքորոշումները համընկնում են: Այս մասին հոկտեմբերի 23-ին Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Նա հիշեցրեց, որ այսօրվա դրությամբ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները բավականին լարված են, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահ երկրները շահագրգռված են անդրկովկասյան տարածաշրջանում եւ հատկապես Լեռնային Ղարաբաղում խաղաղության ապահովմամբ: «Դրանում շահագրգռված են բոլորը. թե՛ ամերիկացիները, թե՛ Ռուսաստանը, թե՛ եվրոպացիները՝ ի դեմս Ֆրանսիայի: Սա միանշանակ է: Ռուսաստանը ոչ մի դեպքում շահագրգռված չէ իր սահմանների մոտ հակամարտություններում»,- պարզաբանեց Աբրահամյանը:




























