Շարունակվում են Ռուսաստանի հանդեպ Վաշինգտոնի ոչ բարեկամական քայլերը, թեեւ Մոսկվան դրանց չի պատասխանում՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
ՌԴ առաջնորդը նշել է, որ Մոսկվային զարմացնում են Վաշինգտոնի ոչ բարեկամական քայլերը։ «Մեզ համար, անկեղծ ասած, երբեմն զարմանալի է, երբ տեսնում ենք ինչպես են Միացյալ Նահանգները մեր դեմ նախաձեռնում ոչնչով չբացատրվող քայլեր, որոնք մենք որեւէ կերպ բարեկամական անվանել չենք կարող»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ ամեն դեպքում պետք է շփման եզրեր գտնել։
Բոլթոնն ասել է, թե դա ԱՄՆ-ի մտադրությունն էլ է։ «Որքան հիշում եմ՝ ԱՄՆ զինանշանի վրա արծիվ է՝ մի կողմից 13 նետ բռնած, մյուս կողմից՝ ձիթենու ճյուղ՝ 13 ձիթապտղով՝ որպես բարեկամության նշան։ Հարց՝ ձեր արծիվն արդեն բոլոր ձիթապտուղները կտցահարել է, մնացել են նետե՞րը»,- ասել է Պուտինը։
Պատվիրակություններն այս խոսքերը ծիծաղով են ընդունել։ Այնուհետեւ Պուտինը նշել է, որ Բոլթոնի հետ կուզեր խոսել ոչ միայն որպես ԱՄՆ նախագահի օգնականի հետ, այլեւ որպես ապառազմականացման եւ սպառազինությունների վերահսկողության մասնագետի հետ։
Իր հերթին Բոլթոնն ասել է, որ կգտնի ՌԴ նախագահի հարցերի պատասխանը, սակայն «ձիթենու ճյուղը հետը չի բերել»։ «Այդպես էլ կարծում էի»,- արձագանքել է Պուտինը, ինչը եւս ծիծաղ է առաջացրել։ «Եթե հիշում եք, ձիթենու ճյուղը արծվի աջ ձեռքում է, եւ նա դրանով ցուցադրում է իր նախապատվությունները»,- պարզաբանել է Բոլթոնը։
Վերջինս նաեւ նշել է, որ ԱՄՆ նախագահին շատ հաճելի կլինի հանդիպել իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ։




























