Հայաստանի կառավարությունը Գյումրին հռչակել է ապագայի տեխնոքաղաք, մինչեւ Հայաստանի երկրորդ քաղաքում գիտնականներն աշխատում են դեռ տնակային պայմաններում եւ ծիծաղելի աշխատավարձեր ստանում:
Գյումրիի երկրաֆիզիկայի եվ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի հիմնական մասնաշենքի շինարարության համար այս տարվա պետական բյուջեից կառավարությունը նախատեսել է հատկացնել 19 միլիոն դրամ գումար: Իսկ սա նշանակում է , որ 2006-2007 թ-ից սկսված շենքի վերակառուցումը կրկին չի ավարտվի, եվ արդեն 5-րդ տարին շենքը կհամարվի փոխանցիկ օբյեկտ:
«Նման տեմպերով շարունակվելու դեպքում 10-15 տարի եւս կպահանջվի, որպեսզի ավարտվի շենքի շինարարությունը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գյումրիի երկրաֆիզիկայի եւ սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Սեվադա Հովհաննիսյանը: Վերջինիս խոսքով, արդեն 22 տարի գիտաշխատողներն աշխատում են տնակային պայմաններում:
Նրանք ամեն տարի նոր դիմումներ են պատրաստում` ուղղված հայրենի իշխանություններին: «Այս տարի հասցեագրելու ենք Սերժ Սարգսյանին: Բովանդակությունը նույնն է, փոխում ենք միայն տարեթիվը ու ուղարկում: Ֆինանսավորում ենք պահանջում , որ շենքի կառուցումն հասցնեն ավարտին:
Շենքի կառուցման վերջնաժամկետը 2011 թ-ն էր, 300 միլիոն դրամից ավելի գումար է անհրաժեշտ, 19 միլիոն են տրամադրում»,- նշել է Հովհաննիսյանն ու հավելել. «Ահա այսպիսի պայմաններում է աշխատում Գյումրիի գիտական սերուցքը` տնակային պայմաններում, երբ սենյակի ջերմաստիճանը +10 է : Առավոտյան, երբ բացում եմ աշխատասենյակս, մինուս 2 աստիճան է, մինչեւ ոտքերս տաքանում են, գալիս է տուն գնալու ժամանակը»:
Ապագայի տեխնոքաղաքի ներկայիս գիտաշխատողի աշխատավարձը ծիծաղելի է, ընդամենը 50 հազար դրամ է ստանում, այն էլ լավագույն դեպքում, եթե համարվում է հին աշխատող կամ կրտսեր գիտաշխատողի կոչում ունի, իսկ ընդհանրապես աշխատավարձը 32 հազար դրամ է:




























