Ռուսաստանի նախագահին մտահոգում է սպառազինությունների սահմանափակման ոլորտում իրավիճակը, մասնավորապես՝ ռազմավարական պայմանագրերից որոշ երկրների հրաժարվելը։ Նա կանխատեսել է սպառազինությունների մրցավազք, եթե ԱՄՆ-ը որոշի հրաժարվել այս ոլորտում բոլոր պայմանագրերից՝ տեղեկացնում է РБК-ն։
«Խնդիրը երեկ չի ծագել, ոչ էլ՝ երեք օր առաջ, երբ ԱՄՆ նախագահը հայտարարեց այդ մասին (ՓՄՀՀՈ պայմանագրից դուրս գալու մասին)։ Եթե ուշադրություն եք դարձրել, իսկ մենք ուշադրություն դարձրել ենք՝ ԱՄՆ կոնգրեսն արդեն ծախսերի մեջ ներառել է փոքր եւ միջին հեռահարության հրթիռների հետ կապված գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական ծախսերը»,- Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի հետ հանդիպումից հետո տրված մամուլի ասուլիսում հայտարարել է Պուտինը
Պուտինը նշել է, որ Ռուսաստանին անհանգստացնում է ոչ միայն ՀՀՊՀ սահմանափակման մասին պայմանագրի, այլեւ Փոքր եւ միջին հեռահարության հրթիռների ոչնչացման եւ Ռազմավարական գրոհային սպառազինությունների պայմանագրերի չեղարկումը, որից հետո, ըստ ՌԴ նախագահի, «այլեւս ոչինչ չի մնում՝ սպառազինությունների մրցավազքից բացի»։
Պուտինը նաեւ ասել է, որ ԱՄՆ-ը մինչեւ այժմ չի ներկայացրել որեւէ ապացույց այն բանի, թե Ռուսաստանը խախտում է նշված պայմանագրերը, նրա մեղադրանքները «պայմանագրից դուրս գալու ձեւական առիթ են»։
Ըստ ՌԴ նախագահի՝ Ռումինիայում տեղադրելով հակահրթիռային պաշտպանության համալիրներ եւ դրա համար օգտագործելով «Իջիս» արձակման սարքերը՝ Վաշինգտոնն ինքն է խախտում այդ պայմանագրերը։




























