Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 25-ի նիստում որոշեց «Թվային Հայաստան» հիմնադրամի լուծարման գործընթացը կազմակերպելու նպատակով Պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացնել 47,28 մլն դրամ:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Թվային Հայաստան» հիմնադրամի լուծարման գործընթացի կազմակերպման համար պահանջվող ֆինանսական միջոցների ծավալը կազմում է 47,280,870 ՀՀ դրամ:
Նշված գումարը ներառում է՝
Հիմնադրամի գրասենյակային տարածքի վարձավճարը՝ 6,123,600 դրամ,
Գրասենյակային և այլ ծախսեր՝ 175,000 դրամ,
Աշխատավարձ և այլ վճարումներ՝ 45,105,635 ՀՀ դրամ (այդ թվում՝ երկու աշխատակիցների (գործադիր տնօրեն և իրավաբան) երկու ամսվա աշխատավարձ, հաշվապահի հաշվապահական ծառայության վճար, աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված աշխատակիցների աշխատանքից ազատման վերջնահաշվարկ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արձակման նպաստ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ծանուցման ժամկետների խախտման հետևանքով վճարվելիք տուժանք՝ 2 (երկու) ամսվա համար):
Հիմնադրամը բանկային հաշվին ունի 4,123,366 ՀՀ դրամ:




























