Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը բարդ է, եւ եթե այն հեշտ կարգավորվող հարց լիներ, ապա կլուծվեր: Այս մասին Երեւանում՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց  ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

«Իմ այցը ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխություն չի նշանակում կամ որ ես նոր առաջարկներ եմ ներկայացնելու: Ինչպես ասում էր իմ նախորդներից Ջիմ Բեյքերը, ոչ ոք այնպես խաղաղություն չի ուզում, ինչպես կողմերը»,- ասաց Բոլթոնը:

Նրա խոսքով արտաքին ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար Հայաստանին հարկավոր է կարգավորել հակամարտությունը:

Պատասխանելով բանակցությունների եւ այն մասին թե դրանց վերսկման դեպքում ինչպիսին կլինի փաստաթուղթը հարցին, Բոլթոնը նշեց, որ չի ցանկանում կանխագուշակել՝ նկատելով միայն, որ հայկական կողմն ակնհայտորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին: Նորից վկայակոչելով Բեյքերին, նա նշեց, որ կողմերը կարող են եւ պետք է  ամեն ինչ քննարկեն, խոսեն ամեն ինչի մասին:

«Եթե ընտրությունների արդյունքներով Փաշինյանը եւ նրա քաղաքական թիմը մեծ մանդատ ստանան, դա լավ հնարավորություն կլինի կարգավորման հարցում վճռական քայլերի համար»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե համապատասխան պատրաստակամություն լինի, հարկավոր է նման մոտեցման վերաբերյալ աշխատել նաեւ ադրբեջանակնա կողմի հետ: