Անհայտ անձինք Կահիրեի թանգարանից գողացել են 8 «անգին օբյեկտներ», այդ թվում Թութանհամոն փարավոնի արձանը: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի հնությունների գործերով պետնախարար Զահի Հավասը:
Կահիրեի թանգարանը տեղակայված է Թահրիրի հրապարակում, որը վերջին շաբաթներին դարձել էր համաժողովրդական հուզումների կիզակետ, որտեղ իշխանությունների եւ ցուցարարների միջեւ բախումներ էին տեղի ունենում:
Թանգարանը հարձակման է ենթարկվել հունվարի 28-ին, երբ Թահրիրի հրապարակում զանգվածային անկարգություններ տեղի ունեցան: Թանգարանի շենքի ուղղությամբ մի քանի անգամ այրվող հեղուկով շշեր ու քարեր են նետվել: Թանգարանի կողքին այրվում էին մեքենաներ եւ կար վտանգ, որ կրակը կհասնի նաեւ թանգարանին: Բազմաթիվ եգիպտացիներ շրջապատել էին թանգարանի շենքը, որպեսզի պաշտպանեն հարցակումներից: Իսկ վերջին օրերին շենքը հսկվում էր երկրի բանակի ուժերով:




























