ՌԴ եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն բանակցություններ են վարում Ստամբուլում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցչին:
Շաբաթ Ստամբուլում կանցկացվի Սիրիայի հարցով քառակողմ հանդիպում՝ Թուրքիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներ Թայիփ Էրդողանի, Վլադիմիր Պուտինի եւ Էմանուել Մակրոնի, ինչպես նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասնակցությամբ:
«Մեր նախարարը հիմա Ստամբուլում բանակցություններ է վարում Սերգեյ Լավրովի հետ»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նա հավելել է, որ գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի, ՌԴ, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպում չի նախատեսվում:
Դիվանագիտական աղբյուրները գործակալությանը հայտնել են, որ Լավրովն ու Չավուշօղլուն քննարկում են Սիրիայի եւ սիրիական Իդլիբի իրավիճակը:
TRT-ի հաղորդմամբ՝ Ստամբուլում ընթանում է նաեւ ՌԴ եւ Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի եւ Հուլուսի Աքարի հանդիպումը: Նշվում է, որ 2 երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանում անվտանգության ապահովման թեման, այդ թվում՝ Իդլիբի իրավիճակը:




























