ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին՝ ԱԶԲ բիզնեսի զարգացման ղեկավար Շերվին Պուի գլխավորությամբ։
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ նախարարության եւ ԱԶԲ-ի միջեւ արդյունավետ համագործակցության ծրագրեր կան ճանապարհաշինության ոլորտում եւ պատրաստակամ են քննարկելու գործակցության այլ առաջարկներ եւս։
Շերվին Պուն նշել է, որ Հայաստանում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում մեծ ծրագրեր իրականացնելու նպատակով։ Նա ներկայացրել է առաջարկվող պլատֆորմը, որը ներառում է մի շարք ուղղություններ՝ խելացի քաղաք (smart city), մաքուր տեխնոլոգիաներ (cleantec) եւ գյուղատնտեսական տեխնոլոգիաներ (agritec)։
Շերվին Պուն կարեւորել է նաեւ միջազգային տեխնոլոգիական կազմակերպությունների մուտքը Հայաստան։ Ներկայացվող ծրագրով ԱԶԲ-ն նպատակ ունի նախ ուսումնասիրել բարձր տեխնոլոգիական բիզնեսի հայաստանյան էկոհամակարգը, որից հետո թեստավորում կատարել եւ հաջողության դեպքում արդեն քննարկել ներդրումային հնարավորությունները։
Հակոբ Արշակյանն ընդգծել է բարձր տեխնոլոգիաների ոլորտը արագ տեմպերով զարգացնելու Հայաստանի կառավարության քաղաքականությունը, միաժամանակ ներկայացրել հայ ինժեներների մեծ ներուժը` նշելով, որ պատրաստակամ են քննարկելու համագործակցության եւ համատեղ ծրագրերի հնարավոր բոլոր տարբերակները։




























