Հայաստանի FAST տեխնոլոգիական հիմնադրամն իր նոր գլխավոր գրասենյակն է բացել Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում (ԵրՄՄԳՀԻ)։
Բացման հանդիսավոր արարողությունը կայացել է հոկտեմբերի 28-ին։ Դրան մասնակցել են Հիմնադրամի համահիմնադիրներ, սոցիալական հայտնի ձեռներեցներ եւ բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը, Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի ղեկավարությունը, ինչպես նաեւ՝ Հայաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։
Ելույթ ունենալով բացման արարողությանը՝ համահիմնադիր, FAST հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանը նշեց, որ գլխավոր գրասենյակներից մեկի աշխատանքը հեղինակավոր ինստիտուտներից մեկի տարածքում շատ խորհրդանշական է, քանի որ խորհրդային ժամանակների արժեքներն ու գաղափարները 21-րդ դարի ծրագրերի հետ միավորելու հնարավորություն է ընձեռում։
«Կարեւոր է հիշել եւ պահպանել այն ամենալավը, որ մենք ունեցել ենք, եւ առաջ նայել։ Շենքն, իհարկե, խորհրդանշական է, կարեւորը մարդիկ են, ովքեր աշխատում են այստեղ եւ ստեղծում են նոր Հայաստանը, որի համար բարձրագույն արժեքը մարդն է՝ իր գիտելիքներով, հնարավորություններով, գաղափարներով, երազանքներով եւ նախագծերով, որոնք իրականացվում են ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհի հետ համատեղ»,- նշեց Ռուբեն Վարդանյանը։
«Հայաստանը նոր մշակույթի եւ մտածողության կարիք ունի, եւ FAST-ը կարող է դրանում լուրջ դերակատարում ունենալ՝ ներդնելով հեղափոխական լուծումներ եւ աշխուժացնելով տեխնոլոգիաների ոլորտը, միավորելով դասականն ու ժամանակակիցը, տեխնոլոգիաներն ու բնությունը։ Վստահ եմ, որ համագործակցելով ձեր եւ մեր մյուս գործընկերների հետ՝ մենք Հայաստանը կվերածենք աշխարհի առաջատար գիտահետազոտական կենտրոնի»,- իր ելույթում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։
FAST-ի գործադիր տնօրեն, հիմնադիր Արմեն Օրուջյանն իր հերթին նկատեց, որ կազմակերպության գլխավոր գրասենյակը ոչ թե ուղղակի գրասենյակ է, այլ՝ ստեղծագործական գործունեության ճամբար։
«Այս հարթակը գիտական գործունեության իրականացման հարցում մեր աջակցությունը ստացող նորարարների, երիտասարդ գիտնականների եւ ուսանող-ասպիրանտների համար է։ FAST-ը շատ հավակնոտ կառույց է, որի նպատակը Հայաստանը աշխարհի 10 ամենանորարարական երկրների շարքում տեսնելն է, եւ դրա համար մեզ պետք է իսկական ինտելեկտուալ հեղափոխություն կատարել։ Սրանով իսկ մենք ձգտում ենք հենց Հայաստանում նոր լուծումներ իրականացնել»,- հավելեց նա։
Միջոցառման շրջանակներում կայացավ նաեւ ինստիտուտի տարածքում ծառերի տնկման արարողություն։
FAST-ը գործարկվել է 2016թ․ եւ նպատակ ունի ստեղծել բարենպաստ էկոհամակարգ՝ Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս նորարարությունների խթանման եւ գիտական առաջընթացի համար։ FAST-ը մտադիր է կենտրոնացնել եւ միավորել հայկական ու միջազգային գիտական հանրության ֆինանսական եւ տեխնոլոգիական ռեսուրսները։
Հիմնադրամի համահիմնադիրներն են՝ Ռուբեն Վարդանյանը եւ Նուբար Աֆեյանը՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» IDeA հիմնադրամի կողմից, հայր Մեսրոպ Արամյանը՝ «Այբ» եւ «Լույս» հիմնադրամների կողմից, ինչպես նաեւ՝ բարձր տեխնոլոգիաների եւ նորարարությունների ոլորտում ձեռներեց Արթուր Ալավերդյանը։



























