Մայր Աթոռը տեղյակ է Բուլղարիայի հայկական թեմում՝ Վառնա քաղաքում ծառայող քահանա Սարգսի վատ վարքագծին եւ պարզաբանումներ ստանալու համար նրան հրավիրել է Էջմիածին։ Փետրվարի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ Մելիքյանը՝ անդրադառնալով լուրերին, որ վերջինս գիշերային ակումբներից մեկում հոգեւորականին անհարիր վարքագիծ է դրսեւորել։
«Նա, ճիշտ է, առ այսօր չի ներկայացել Էջմիածին, սակայն մենք սպասում ենք նրան»,- տեղեկացրեց Տեր Վահրամը։
Նա, այնուամենայնիվ, չհաստատեց փաստը, որ Սարգիս քահանան գիշերային ակումբում ծեծկռտուք է սարքել, սակայն խոստացավ, որ Մայր Աթոռը հետամուտ է լինելու պարզել իրավիճակը։
Հարցին, թե հայկական թեմերում շա՞տ են իրենց անվայել պահող հոգեւորականները, Տեր Վահրամն ասաց. «Նման դեպքերը, կարելի է ասել, բացառություն են։ Մեծամասամբ, հայ հոգեւորականներն իրենց ժրաջան աշխատանքով ծառայում են հայ առաքելական եկեղեցուն»:
Ամփոփելով՝ Վահրամ Մելիքյանը նշեց, որ վերջին 10 տարիների ընթացքում հայ առաքելական եկեղեցին կարգալույծ է հայտարարել 25 հոգեւորականի։




























