Թեպետ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տեղյակ է Վրաստանի հայաբնակ շրջաններում թուրքերին մզկիթներ կառուցելու եւ վերանորոգելու թույլտվություն տալու մասին, սակայն հայ առաքելական եկեղեցու մասնավոր կեցվածքի դրսեւորման հարց, դեռեւս չի տեսնում։  Փետրվարի 14-ին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ Մելիքյանը։
Նրա խոսքով, քանի դեռ այս առումով կոնկրետ ոչ մի բան հայտնի չէ, եկեղեցին չի շտապի որեւէ տեսակետ արտահայտել։ «Այս հարցի առնչությամբ որոշիչ կլինի Վեհափառի այցը Վրաստան, որը ծրագրված է մինչեւ այս տարվա կեսը»,- ընդգծեց տեր Վահրամը։

Անդրադառնալով Գյուղատնտսության նախարարության եւ Մայր Աթոռի հնարավոր համագործակցության հարցին, նա նկատեց, որ Մայր Աթոռը հնարավորություններ ունի ձեռք մեկնելու գյուղական համայնքներին եւ պատրաստակամ է իր ներկայացուցիչն ունենալ այդ գերատեսչությունում։
«Հայ եկեղեցին պետք է հայ գյուղացու կողքին լինի։ Բոլորն էլ օրհնության կարիք ունեն, եւ մենք կարող ենք, օրինակ, արտերի եւ հանդերի օրհնություն կատարել։ Սրանում անպատեհություն չկա»,- ավարտեց տեր Վահրամը։

Նշենք, որ Գարեգին Բ կաթողիկոսը փետրվարի 9-ին ընդունել էր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին եւ քննարկելՄայր Աթոռ սուրբ Էջմիածնի ու նախարարության միջեւ համագործակցության ուղիները։ Կաթողիկոսը Մայր Աթոռի կողմից ներկայացուցիչ է նշանակել՝ համագործակցությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար։