Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 29-ին, մեկնարկել է արտահերթ նիստը, որի օրակարգում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների եւ հարակից օրինագծերի փաթեթն է: Գրանցվել է 58 պատգամավոր: Որոշվել է, որ առաջին ընթերցմամբ նախագիծը կքննարկվի մինչեւ 3 ժամում:

Հիշեցնենք, որ ուղիղ մեկ շաբաթ առաջ այս փաթեթի ընդունումը ԱԺ արտահերթ նիստում տապալվել էր, քանի որ ՀՀԿ-ն դեմ էր արտահայտվել նախագծին եւ չէր մասնակցել քվեարկությանը: Արդյունքում նախագծին կողմ էր քվեարկել 56 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր 63 կողմ ձայն: Նկատենք, որ ՀՀԿ-ականները պնդում են, որ առանց իրենց խմբակցության անդամների եւս հնարավոր է հավաքել 63 կողմ ձայն:

Դրանից հետո «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները նույն օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու համար ստորագրահավաք էին կազմակերպել, եւ այսօր կրկին նույն հարցը օրակարգում է:

ՀՀԿ-ն արդեն իսկ հայտարարել է, որ իր դիրքորոշումը չի փոխել եւ դեմ է օրինագծի ընդունմանը: Ըստ էության, իշխանությունները պետք է աշխատանքներ տանեն, որ մնացած երեք խմբակցությունները մասնակցեն արտահերթ նիստին եւ կողմ քվեարկեն օրինագծին՝ 63 կողմ ապահովելու համար:

Նշենք, որ եթե ԱԺ-ն ընդունի այս օրինագիծը առաջին եւ երկրորդ ընթերցմամբ, ապա դեկտեմբերին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան Ընտրական օրենսգրքի նոր փոփոխություններով, իսկ եթե հնարավոր չլինի ընդունել նախագծերի փաթեթը, ապա ընտրությունները տեղի կունենան գործող օրենսգրքով:

Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոն հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ դրական գնահատելով ԸՕ փոփոխությունները, միաժամանակ նշել էր. « Վենետիկի հանձնաժողովի վերապահումները՝ ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում ընտրական համակարգի էական փոփոխություններ կատարելու վերաբերյալ, ինչպիսիք են՝ տարածքային ցուցակների վերացումը,

Նշում է, որ այդ վերապահումները կարող են պակաս կարեւոր լինել, եթե փոփոխություների մասով քաղաքական ուժերի միջեւ առկա է կոնսենսուս»:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ենթադրում են ռեյտինգային ընտրակարգի վերացում, փակ (անփոփոխելի) ցուցակներով համամասնական ընտրություններ, ԱԺ անցնելու համար նվազագույն շեմի իջեցում կուսակցությունների համար 5-ից 4, դաշինքների համար՝ 7-ից 6 տոկոս: Նաեւ նախատեսվում է, որ ԱԺ պետք է անցնի առնվազն 4 քաղաքական ուժ, սակայն 4-րդ ուժի ստացած քվեները չպետք է ցածր լինեն 2 տոկոսից: Նախատեսվում է նաեւ, որ կանանց ներկայությունը ԱԺ-ում պետք է լինի 30 տոկոս (ներկայումս 25 տոկոս է, իսկ դե ֆակտո՝ 18 տոկոս):