Մայր Աթոռը ցավ է ապրում զրպարտությունների համար, փետրվարի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ Մելիքյանը՝ խոսելով ֆրանսիահայ թեմում վերջերս ծագած խնդիրների շուրջ։

«Այդ զրպարտությունները տարածում են մարդիկ, ովքեր չեն ճանաչում եկեղեցին եւ եկեղեցուց դուրս են»,- ասաց տեր Վահրամը։

Ասուլիսին ներկա մյուս բանախոս հայր Մեսրոպ աբեղա Պարսամյանն ասաց, որ ինքը վերջերս է վերադարձել Ֆրանսիայից եւ կարող է փաստել, որ ֆրանսահայ թեմում ընդվզումներ եւ տարաձայնություններ չկան։ «Խնդիրը պարզապես նրանում է, որ խորհրդային տարիներից սկսած՝ յոթանասուն-ութսուն տարի ծխական համայնքները ղեկավարած միեւնույն մարդիկ ցանկանում են հավերժ մնալ իշխանության։ Քանի որ Մայր Աթոռը երկար տարիներ որոշ թեմեր չի կարողացել քահանաներ գործուղել, աշխարհիկ մարդիկ սկսել են կարծել, որ իրենք են եկեղեցու առաջնորդները։ Հենց այդ աշխարհիկ մարդիկ էլ չեն ցանկանում, որ Մայր Աթոռի կողմից մշակված հատուկ կանոնակարգն անցնի, այլապես  ծխական համայնքների ժառանգական ղեկավարմանը կարող է վերջ դրվել»,- պարզաբանեց Պարսամյանը՝ նկատելով, որ երեւույթը չկանխելու պարագայում կարող է կլանային համակարգ է ստեղծվել։

«Միասնական կանոնակարգը նպատակ ունի կանոնակարգել խորհրդային տարիներին բարձիթողի վիճակում հայտնված թեմական խնդիրները»,- ամփոփեց հոգեւորականը։