Թուրքիան պահանջել է լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետաքննությունը «հնարավորինս արագ» ավարտել այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները հայտնել են, որ Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազը հանդիպել է թուրքական հետախուզության ղեկավարի հետ՝ տեղեկացնում է Reuters-ը։

«Մենք, բնականաբար, առավելություն ենք տեսնում նրանում, որ մեր դատախազները տեղեկատվություն են փոխանակում եւ աշխատում են միասին»,- Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է երկրի ԱԳ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն։ «Համագործակցությունը կշարունակվի, սակայն այն չպետք է ձգձգվի կամ արտահոսքի վերածվի։ Հետաքննությունը պետք է հնարավորինս արագ ավարտվի, որպեսզի ամբողջ ճշմարտությունը բացահայտվի»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ Սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Կարծիք կա, որ նրան այնտեղ սպանել են՝ Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։ Սաուդյան Արաբիան սկզբում այդ ամենը հերքում էր՝ պնդելով, որ լրագրողը հյուպատոսությունից դուրս գալուց հետո է անհետացել, սակայն այժմ ընդունում է, որ լրագրողը սպանվել է, սակայն՝ «պատահաբար»։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դա մանրամասն կազմակերպված սպանություն է եղել։