Amazon-ի ղեկավար եւ համասեփականատեր Ջեֆ Բեզոսը, որը գլխավորում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը, ընկերության բաժնետոմսերի արժեքի նվազեցման պատճառով վերջին 2 օրվա ընթացքում կորցրել է 19,2 մլրդ դոլար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ուրբաթ Amazon-ի բաժնետոմսերը կորցրել են արժեքի 7.8 տոկոսը, իսկ երկուշաբթի եւս 6.3 տոկոսը: Ներդրողները հիասթափված են ընկերության հաշվետվությունից, որը հաղորդել էր կանխատեսումների համեմատ եռամսյակային եկամուտների փոքր աճի մասին: Բաժնետոմսերի էժանացմանը նպաստել է նաեւ համաշխարհային ֆոնդային շուկաների փոփոխականությունը: Արդյունքում Amazon-ի ղեկավարը կորցրել է 19,2 մլրդ դոլար, որը նման ժամանակահատվածի համար նոր ռեկորդ է դարձել:
Այժմ Բեզոսի հարստությունը գնահատվում է 128,1 միլիարդ դոլար, ընդ որում միլիարդատերը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում պահպանել է իր տեղը, ինչպես վկայում են Bloomberg Billionaires Index-ի (BBI) տվյալները:
Սեպտեմբերին Amazon-ը դարձավ երկրորդ ամերիկյան ընկերությունը, որի կապիտալիզացիան գերազանցել է 1 տրիլիոն դոլարը: Օգոստոսին նման մակարադակի էր հասել ամերիկյան Apple-ը:




























