Ցավալի է, որ նախօրեին Հայաստանի Ազգային ժողովը չընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Ցավալի է, որովհետեւ այդ փոփոխությունները նաեւ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոյի կողմից դրական էին գնահատվել»,-ասաց Սվիտալքսին՝ հավելելով, որ այդ փոփոխությունների մեջ կային նաեւ Եվրոպայի Խորհրդի կողմից արված առաջարկները:
«Համարում ենք, որ սա բաց թողնված հնարավորություն էր, բայց որպես ԵՄ, մենք բարձր ենք գնահատում եւ կառավարության, եւ փորձագետների ջանքերը, որոնք աշխատել էին այդ փաթեթի վրա: Մեր աջակցությունն այդուհանդերձ շարունակվում է եւ այս ձախողումը որեւէ կերպ չի ազդում մեր հանձնառության վրա»,-ընդգծեց ԵՄ դեսպանը՝ հավելելով, որ վաղ թե ուշ, այդ փոփոխությունները Ընտրական օրենսգրքում տեղի կունենան, որովհետեւ իրենց տեսնում են, թե կառավարությունը որքանով է ներգրավված երկրի ժողովրդավարացման պրոցեսում:
Միաժամանակ Սվիտալսկին նկատեց, որ սա Հայաստանի ներքին հարցն է եւ ԵՄ-ն չի միջամտում այդ հարցում:
«Իհարկե, մենք փորձում ենք հետեւել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, դա մեր աշխատանքն է։ Ինչ վերաբերում է ներքին ու արտաքին քաղաքականությանը, Հայաստանն ինքնուրույն պետք է որոշի։ Հայաստանն ինքնիշխան պետություն է, ու հայերը պետք է ազատ լինեն՝ ընտրելու իրենց ներքին ու արտաքին քաղաքականությունը», - ասաց ԵՄ դեսպանը:




























