Ինգուշեթիայի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Չեչնիայի հետ Ինգուշեթիայի սահմանի մասին համաձայնությունը հաստատող օրենքը՝ տեղեկացնում է Meduza-ն։

Դատարանը որոշել է, որ օրենքը հակասում է Սահմանադրության 3 հոդվածներին այն մասին, որ ամբողջ իշխանությունն Ինգուշեթիայում պատկանում է ժողովրդին, պետությունը պետք է պահպանի հանրապետության տարածքային ամբողջականությունը, իսկ սահմանների փոփոխությունը կարող է կատարվել միայն հաշվի առնելով բնակչության կարծիքը։

Քանի որ սահմանների մասին համաձայնագիրն ընդունվել է առանց հանրաքվեի, այդ փաստաթուղթը օրինական ուժ չունի Ինգուշեթիայի իշխանության մարմինների, կազմակերպությունների եւ քաղաքացիների համար։

Չեչնիայի եւ Ինգուշեթիայի միջեւ տարածքների բաժանման մասին համաձայնագիրը ստորագրվել էր սեպտեմբերի 26-ին, իսկ հոկտեմբերի 4-ին Ինգուշեթիայի խորհրդարանը հաստատել էր այն, ինչից հետո երկրում սկսվել էին զանգվածային բողոքի ցույցեր, որի մասնակիցները հանդես էին գալիս Չեչնիային տարածքների փոխանցման դեմ։